Blog Details

​Հայաստանն ինձ համար վիտամին է. Երվանդ Զորյան

16 Jun 2026 - Uncategorized
shape
shape
shape

յուտարար, Ճարտարագետ և առաջատար հետազոտող, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Զորյանը 2015 թ. դեկտեմբերին նշանակվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ: Ծնվել է Հալեպում, ապրում է Միացյալ Նահանգներում: Հայաստանում հաճախակի է լինում, հսկում է ընկերության գործունեությունը: – Պարոն Զորյան Ձեր ներդրումը բավական մեծ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման գործում. առաջիններից էիք, որ դեռևս 1990-ականներին վեր հանեցիք երկրի ՏՏ ներուժը և ներկայացրիք այն օտարերկրյա ընկերություններին: Ինչպե՞ս կանխատեսեցիք, որ Ձեր փորձը հաջողվելու է: – Հայաստանի ՏՏ ոլորտի հաջող ապագայի կանխատեսումն արել էի դեռևս անկախացման տարիներին, երբ 1991 թվականին եկա այստեղ՝ հանդիպելու իմ բնագավառում աշխատող մասնագետների հետ և որոշեցի կապեր ստեղծել նրանց հետ ու համագործակցության կամուրջներ ձևավորել: 1990-ականների տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ ՏՏ մի շարք մասնագետներ պատրաստվում էին լքել երկիրը, և որպեսզի «ուղեղների արտահոսքը» կասեցվեր, շրջադարձելու նպատակով ֆինանսավորում ստացանք Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանից: Երկրում աշխատանքային թիմ ձևավորեց։ Սկզբում մենք 20 մասնագետներից բաղկացած մի լաբորատորիա ստեղծեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանում: Կարողացանք մեր որոշ նախաձեռնություններով հետ պահել նրանց արտագաղթելուց: Առաջին երկու տարում մեր գաղափարը հաղթեց, միջազգային որոշ ընկերություններ պայմանագրեր կնքեցին հայ մասնագետների հետ և Հայաստանում հիմնեցին իրենց կազմակերպությունների մասնաճյուղերը: – Որտե՞ղ են Ձեր առաքելության արմատները: – Հայ համայնքի, հայ ժողովրդի հանդեպ մեծ է եղել ծնողներիս նվիրումը: Հատկապես պապս՝ ավագ Երվանդ Զորյանը, անչափ նվիրված էր հայ համայնքին, հատկապես՝ հայ երիտասարդությանը։ Զբաղեցրած պաշտոնը նրան թույլ էր տալիս հայրենակիցներից շատերին ապահովել աշխատանքով։ Ափսոս, որ ես անձամբ չեմ ճանաչել նրան։ Պապս մահացել է դեռ ծնվելուցս առաջ։ Բայց և այնպես մարդիկ հաճախ էին խոսում նրա մասին: 25 տարի շարունակ նա ՀԲԸՄ-ում կարևոր պաշտոններ է զբաղեցրել և 1931 թ. հիմնադրել է ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը, որը շարունակում էր հայ երիտասարդության շրջանում ակտիվորեն քարոզել կրթության և մասնագիտական ուսուցման կարևորությունը։ 1946-1947 թթ. նա կարևոր դեր է կատարել դեպի Խորհրդային Հայաստան հայրենադարձության կազմակերպման գործում։ Ծնողներս՝ Աբիկն ու Հիլդան, շարունակել են Հալեպի հայ համայնքին ծառայելու ընտանեկան ավանդույթը՝ զբաղվելով գերազանցապես կրթության ոլորտով: Դժբախտաբար Սփյուռքի մեջ չկան նման առաքելություն իրականացնող հաստատություններ, առանձին անձինք են կամովի, սիրահոժար նվիրվում ինքնության պահպանմանը, ինչը շատ դժվար է իրականացնել ազգային փոքրամասնության պարագայում: Ուստի մայրենի լեզուն, մշակույթը պահպանելու համար շատ աշխատանք է պետք տանել նաև ապագա սերնդի համար, որպեսզի չկորցնեն ինքնությունը: – Ինչպե՞ս ստացվեց մուտք գործել ՏՏ ոլորտի հեղինակավոր կազմակերպություն և դառնալ դրա առաջատար ուժը, աշխարհին առաջարկել կիսահաղորդիչների նախագծման ծրագրեր, խելացի համակարգեր, չիպերի համար նախատեսված ինքնաթեստավորող և ինքնանորոգող միավորներ և այլն: – Իմ դոկտորական աշխատանքն ուղղված էր կիսահաղորդիչների ինքնաթեստավորմանը, և այդ ժամանակաշրջանի ՏՀՏ ոլորտի ամենախոշոր ընկերություններից մեկը խնդրեց միանալ իրենց և իրագործել իմ դոկտորականում առաջադրած գաղափարը, ներդնել այն ծրագրերում: Թիմ կազմեցինք և գործի դրեցինք այդ չիպերը հեռախոսների մեջ: Ուրիշ ընկերություններ ևս կիսահաղորդիչների ինքնաթեստավորման աշխատանքը սթարթափի տեսքով տարածեցին այլ ընկերություններում և զարգացրին այն: Այդ ժամանակ ես արդեն ակտիվ կապեր էի ստեղծում Հայաստանի հետ, անկախացման տարիներն էին: Բարեբախտաբար, կարողացանք նոր նախագծեր իրագործել և ընդլայնել «Սինոփսիսի» գործունեությունը Հայաստանում, որ թիմ ուներ այստեղ: Ես հայտնվեցի ընկերությունում, երբ «Վիրաժ Լոջիք» ընկերությունն ու «Սինոփսիսը» միավորվեցին: Մեր երկու ընկերությունների միացումն ընդլայնեց հնարավորությունները, քանի որ դրա հիմքում ընկած էին երկու ուժեղ տեխնիկական թիմեր: Այն ժամանակ ես «Վիրաժ Լոջիք» ընկերության փոխնախագահն էի: Այդ կորպորացիան բարդ ինտեգրալ սխեմաների նախագծման համար նախատեսված ֆունկցիոնալ և ֆիզիկական կիսահաղորդչային մտավոր սեփականության առաջատար մատակարարն էր: Իսկ «Սինոփսիս» ընկերությունն էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատար է, որը համաշխարհային էլեկտրոնային շուկային մատակարարում է կիսահաղորդչային նախագծման և արտադրության համար անհրաժեշտ ծրագրային միջոցներ: – Հարյուրավոր գիտական հոդվածների և 4 գրքի հեղինակ եք, ի՞նչ են ամփոփված այդ աշխատություններում: – Ներկայումս ունեմ ամերիկյան 35 պատենտ և թեմային առնչվող 350 գիտական հրատարակություններ ու չորս գիրք։ EE Times պարբերականն ինձ դասել է կիսահաղորդչային ինդուստրիայի 13 ամենաազդեցիկ անձանց շարքը։ Այդ աշխատությունները միջոց են սեփական գիտելիքներով ու տեղեկություններով կիսվելու այլոց հետ: Ոլորտում ունեցած գիտելիքներդ չտարածելը չի ապահովի առաջընթաց, այլ կտանի ինքնամեկուսացման: Նորարարական մտքերը փոխանցելը հոդվածների և գրքի միջոցով բնականոն ընթացք է: Շատ անհատներ, ուսանողներ, ընկերություններ օգտվել են իմ աշխատություններից և կիրառել են: Գլխավորում և կազմակերպում եմ տասնյակ կոնֆերանսներ, և այդ հոդվածներից շատերը գրվում են հենց այդ գիտաժողովներին որպես զեկույց ներկայացնելու համար: Դրանցում ամփոփված են ՏՏ ոլորտի նորագույն զարգացումները: Եղել եմ նաև ԱրմԹեք առաջին կոնգրեսի ծրագրային կոմիտեի նախագահը, ինձ էր վերապահված այդ կոնգրեսում հոդվածների հավաքման և կոորդինացման ողջ գործընթացը: – Ինչպիսի՞ն եք պատկերացնում երկրի ՏՏ ոլորտի ապագան, ո՞ր նախադրյալներն են դեռ բացակայում ակնկալվող ցուցանիշներն արձանագրելու համար: – Տեխնոլոգիա ստեղծելու և օգտագործելու տեսանկյունից երկրի ներուժը մեծ Է, սակայն կիրառումն է քիչ: Հասարակությունը պետք է կարողանա մեծացնել ՏՏ-ների առօրյա կիրառման ծավալները: Հայաստանը պետք է ոչ միայն ստեղծի, այլև կարողանա կիրառել դրանք: Դա ոչ թե ժամանակ է պահանջում, այլ մտածելակերպի փոփոխություն: Այս միտումը պետք է տարածել: – Պարոն Զորյան, կցանկանայի՞ք մի օր վերադառնալ Հայաստան մշտական բնակության: – Կցանկանայի, այո, բայց դժբախտաբար ես միշտ ճամփորդում եմ: Գլոբալ անձ եմ և ստիպված եմ իմ զեկույցներով տարբեր երկրներում հանդես գալ: Ունեմ տուն Կալիֆոռնիայում: Ընտանիքս հաճախ է գալիս, իսկ կնոջս, երեխաներիս հետ տարվա մեջ առնվազն մեկ անգամ Հայաստան պիտի գամ: Հայաստանը վիտամինի նման է: Ընտանեկան դաստիարակությունը, մայրենի լեզուն, պատմությունը ծնողներս փոխանցել են նաև զավակներիս, ազգային գիծը կա նրանց մեջ:

Comment